Այսօր ԱՄՆ-ում ևս մեկ քվեարկություն կկայանա նախագահի համար, այս անգամ՝ վերջինը: ԱՄՆ 50 նահանգների մայրաքաղաքներում կհավաքվեն ընտրիչների կոլեգիայի անդամները՝ 538 մարդ՝ Կոնգրեսի երկու պալատների թվաքանակի համապատասխան: Յուրաքանչյուր նահանգ կոլեգիայում ունի այնքան անդամներ, որքան կոնգրեսականներ ու սենատորներ ունի: Ընտրիչները տեղերի կուսակցական ակտիվիստներ են, նրանց ընտրում կամ նշանակում են նահանգի կուսակցական ակտիվում և նրանք պարտավոր են կատարել նահանգի ընտրողների կամքը: Հանրապետական ընտրիչները պարտավոր են իրենց ձանը տալ հանրապետականներին, դեմոկրատները՝ դեմոկրատներին:
Նահանգների մեծ մասում օրենքն արգելում է ընտրիչներին հակառակվել ընտրողների ընտրությանը: Ովքեր հակառակվում են, համարվում են «սխալ ընտրիչներ» (faithless electors): Նրանք եզակի են: Ամենից շատ faithless electors-ներ եղել են 1808-ին, երբ ընտրողների կամքին հակառակ գնացին վեց ընտրիչներ: Որպես կանոն, նահանգների մայրաքաղաքներում ընտրիչների ժողովները դեկտեմբերի 19-ին անցնում են խաղաղ ու աննկատ, բայց այս տարի ծրագրվում են բուռն հանրահավաքներ նրանց ժողովատեղիների մոտ, հիմնականում՝ դեմոկրատների կողմնակիցները: Նրանցից շատերը դեռ չեն հաշտվել Դոնալդ Թրամփի անակնկալ հաղթանակի հետ, որ համարյա ոչ ոք չէր սպասում: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանում՝ ինչո՞ւ Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 8-ին ստացավ Թրամփից երեք միլիոնից ավելի ձայն, իսկ ընտրիչները պատրաստվում են նախագահ դարձնել Թրամփին:
Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ ժողովրդավարության ժամանակ հաղթում է նա, ով ավելի շատ ձայն է ստացել: Ընտրիչների կոլեգիան հակասում է այդ պատկերացումին: Պարտված կողմը սովորաբար կոչ է անում կոլեգիալ ընտրությունը փոխել: Կոլեգիայի քննադատներից է եղել Թրամփը 2012-ին: Երբ ինչ-որ պահի թվաց, որ հանրապետական Միթ Ռոմնին ավելի շատ ձայներ է հավաքում, բայց Բարաք Օբաման նրանից առաջ կանցնի ընտրիչների կոլեգիայում, Թրամփը սկսեց Թվիթերում նրան քարկոծել: Նման դեպքերում ասում են, որ այդպիսին է ԱՄՆ ընտրական համակարգը: Խաղը սկսելուց առաջ և Թրամփը, և Քլինթոնը հիանալի գիտեին կանոնները և համաձայնել էին պայմանները պահպանել: ԱՄՆ Սահմանադրության հեղինակները, նրանց թվում` Թոմաս Ջեֆերսոնը, ընտրիչների կոլեգիան ստեղծել են, որ որևէ մեծ նահանգ չկարողանա ձայներով գերակշռել փոքր նահանգների ձայները: Ջեֆերսոնի ժամանակներում այդպիսին էր Վիրջինիան, նա ինքը ծնվել էր այդ նահանգում: Հիմա պարտվողները պահանջում են վերացնել այդ ինստիտուտը, որ, իրենց խոսքով, վաղուց հնացել է, իսկ ժամանակին հնարել են ստրկատերերը, երբ ստրուկը օրենքով ուներ ազատ մարդու 3/5 ձայնը: Ստրուկներն ընտրությունների չէին գնում, գնում էր նրանց տերը, ում ստրուկների ձայները հաշվարկում էին բանաձևով: ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը հնարել են այդ կարգը՝ վախենալով, որ ուղիղ ընտրություններով մեկ մեծ նահանգ իր կամքը կպարտադրի մեկ մեծ նահանգի, որ Աստված չանի, համընթաց չի քայլուն մնացած նահանգների հետ:
XVIII դարավերջին ամենամեծ նահանգը Վիրջինիան էր, ԱՄՆ առաջին հինգ նախագահներից չորսը Վիրջինիայից էին: Հիմա ամենախիտ բնակեցված նահանգը Կալիֆոռնիան է, որտեղ ապրում է 40 միլիոն մարդ: Նոյեմբերին նրանց 62 %-ը ձայն տվեց Հիլարի Քլինթոնին, դառնալով երրորդ նահանգը: Առաջինը Կոլումբիան էր, որտեղ Քլինթոնի օգտին քվեարկեց 91 %-ը, երկրորդը Հավայան էր՝ 63 %:
Տեսանելի ապագայում կոլեգիայի վերացման շանսերը զրոյական են՝ դրա համար պետք է Սահմանադրության փոփոխություն, որի համար նախ պետք է քվեարկեն Կոնգրեսի երկու պալատների երկու երրորդը, իսկ հետո 38-ը` 50 նահանգներից: Առաջինը քիչ հավանական է, երկրորդը գործնականում բացառվում է, որովհետև փոքր նահանգները, ինչպես Վայոմինգը 600 հազար բնակչությամբ, երբեք չեն ցանկանա, որ իրենց դադարեն ուշադրություն դարձնել:
Ընտրիչների կոլեգիայում հաղթելու համար պետք է հավաքել 270 ձայն: Թրամփը հավաքել է 306, իսկ Քլինթոնը՝ 232: Երկրում շարժում սկսվեց՝ Թրամփի ընտրիչների մի մասին faithless electors դարձնելու համար՝ ձգելով Քլինթոնի կամ որևէ նվազ վիճելի հանրապետականի, օրինակ, Ջեբ Բուշի կողմը: ԱՄՆ-ում ընտելացել են, որ ընտրիչների կոլեգիան պարզապես հաստատում է ընտրախավի որոշումները և չէին հիշում մինչև այս ընտրությունները, երբ կոլեգիան հայտնվեց քաղաքական կրքերի էպիկենտրոնում: Դեմոկրատ կոնգրեսականներից մեկը առաջարկել է հետաձգել կոլեգիայի քվեարկությունը՝ մինչև պարզվի ընտրություններին ռուսական միջամտության հարցը: Ընտրիչների մի խումբ պահանջում է, որ հատուկ ծառայությունները մինչև քվեարկությունը կոլեգիայի անդամներին տեղեկացնեն հետաքննության նյութերին: Նրանք դեմոկրատ ընտրիչներն են և հանրապետական ընտրիչ Քրիս Սուպրունը, որ վաղուց է հայտարարել, որ չի պատրաստվում Թրամփի օգտին քվեարկել: Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը մերժեց ընտրիչների խնդրանքը, որ ավելի իրավունքներ չունեն հետաքննության նյութերի նկատմամբ, քան շարքային քաղաքացիները:
Վլադիմիր ԿՈԶԼՈՎՍԿԻ, ВВС
Հ.Գ. Դոնալդ Թրամփը իր դեմ բողոքի ակցիաները որակում է ծիծաղելի և հայտարարում է, որ մաքուր ու փայլուն հաղթանակ է տարել, իսկ նրա մրցակիցները որոնում են օրենսդրական սողանցքեր: Եթե դեմոկրատներին հաջողվի Թրամփին կոլեգիայում զրկել մեծամասնությունից, նախագահին կընտրի Համայնքների պալատը, որի հանրապետական իսթեբլիշմենթը կարող է Թրամփից գերադասել ավելի չափավոր հանրապետականի, օրինակ՝ Ջեբ Բուշին: Հույս չունենալով հանրապետական ընտրիչների շարքերը նվազեցնել, դեմոկրատները հույս ունեն գոնե 37 ընտրիչի պոկել: Այդ դեպքում Թրամփը կունենա 269 ձայն, հաղթանակի համար մեկով պակաս: Քլինթոնը դրանով չի հավաքի ցանկալի թվով ձայներ: Այդ դեպքում հանրապետական մեծամասնություն ունեցող Համայնքների պալատը կքվեարկի հօգուտ Թրամփի: Նրա հակառակորդները հույս ունեն, որ պալատը ձայն կտա Բուշին, Ռոմնիին կամ սատանային, բայց ոչ Թրամփին:
Այդ ծրագրի մեկ այլ տարբերակով՝ Քլինթոնը բոլոր ընտրիչներին ազատում է իր օգտին ձայն տալու պարտավորությունից և խնդրում է ձայն տալ Բուշին: Եթե դեմոկրատները կարողանան 38 հանրապետական ընտրիչների մտափոխել, Բուշը կհավաքի հաղթանակի համար բավարար ձայներ և թրամփականության վտանգը կվերանա: Սրանք տարբերակներ են, որ չեն գործելու, պարզապես վկայում են, որ անելք վիճակներ չկան, ելքեր կան, բայց ելք չեն դառնում, որովհետև պահանջարկ չկա: Դոնալդ Թրամփին այսօր ընտրիչների կոլեգիան կհայտարարի նախագահ և նրա կյանքի հաջորդ կարևոր իրադարձությունը կդառնա 2017-ի հունվարի 20-ը՝ երդմնակալության արարողությունը Սպիտակ տանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ